Կանաչայտ Պիռուռաները կարմրապոչ թութակների ընտանիքի փոքր ներկայացուցիչներն են: Ապրում են Հարավային Ամերիկայի անտառներում, տարածված են Բրազիլիայում՝ Մատու-Գրոսու նահանգի արևմտյան, հարավային և կետրոնական շրջաններում, Բոլիվիայում հյուսիսում ու արևելքում, արևմտյան Արգենտինայում: Ապրում են ծառերի կատարներին մեծ երամներով, սնվում են տարբեր սերմերով, ընկույզով և պտուղներով:
Մարմնի երկարությունը 26 սմ է, քաշը 60-ից 80 գրամ: Հիմնական փետրավորումը կանաչ է, շագականագույն կամ մոխրագույն կրծքով: Գլխի վերին հատվածը և վիզը մուգ-գորշ, սակայն փետուրների եզրերը երկնագույն երանգով: Այտերը վարդագույն են, վզի դիմացի հատվածը և կուրծքը շագանակագույն: Փորիկի վրա կա շագանակագույն-կարմիր հատված: Պոչի ներքին հատվածը երկնագույն, իսկ պոչը ամբողջությամբ գորշ-կարմիր: Արուներն ու էգերը ունեն նույն արտաքին տեսքը:
Կանաչայտ Պիռուռաները նախընտրում են բույն հյուսել բարձր ծառերի վրա: Ածում են 4-ից 6 ձու, թխսում է միայն էգը, այդ ժամանակ արուն հսկում է բույնը և կերակրում նրան: Ինկուբացիոն ժամանակահատվածը 22-ից 25 օր է, իսկ 40-45 օրից ձագերը թողնում են բույնը. ևս մի քանի շաբաթ ծնողները խնամում են նրանց:
Այս թռչուններին հաճախ են պահում տանը իրենց բնավորության շնորհիվ: Նրանք խելացի են, սիրում են խաղալ և քմահաճույքներ չունեն: Կարող են խոսել, սակայն այդ կարողությունը նրանց մոտ սահմանափակ է: Առանձնանում են նրանով, որ չեն փչացնում տան գույքը, այդ իսկ պատճառով նրանց հարմար է պահել: