Արտաքին տեսքով նման են մեծ դեղնակատար կակադուներին, միայն չափսերով են տարբեր: Հասուն թութակների չափը չի անցնում 35 սմ: Բնակվում են Փոքր Զոնդային և Սուլավեսի կղզիներում, ինչպես նաև մոտակայքում գտնվող այլ փոքր կղզիներում: Այս տեսակն ունի 6 ենթատեսակ, որոնց տարբերությունը միայն գունավորման մեջ է:
Փոքր դեղնակատար կակադուների մարմնի չափերը 33-35 սմ է, պոչի երկարությունը 11 սմ, քաշը չի անցնում 500 գրամը: Փետրավորումը սպիտակ է, կատարը և ականջի շուրջ դեղին, կտուցը և ոտքերը մոխրագույն-սև: Արքերի շուրջ փետուրները երկնագույն են: Արուների և էգերի արտաքին տարբերությունը միայն կտուցի, գլխի չափերի, և աչքերի ծիածանաթաղանթի գունավորման մեջ է՝ արուների մոտ սև, իսկ էգերի մոտ կարմիր-շագանակագույն է: Երիտասարդ թռչուններն ունեն սև գույնի ծիածանաթաղանթ, սակայն էգերի մոտ 1-2 տարեկանից գունավորումը բացանում է, իսկ 3-4 տարեկան հասակում դառնում կարմիր-շագանակագույն: Ձայնը բարձր է և խռպոտ, վախեցած ժամանակ սուր սուլոցով:
Փոքր դեղնակատար կակադուներին հաճախ կարելի է տեսնել որպես տնային թութակներ, քանի որ նրանք հեշտ են հարմարվում մարդկանց: Նրանք հիանալի նմանակում են տարբեր ձայներ, սակայն լավագույն դեպքում կարող են արտաբերել մի քանի բառ: Այս թութակները այդքան էլ աղմկոտ չեն, սակայն ունեն սուր և բարձր ձայն: Բավականին աշխույժ են ու շարժուն: Յուրահատուկ են նրանց շարժումները, քայլվածքը, որը ուղեկցվում է կատարի բացմամբ, գլխի սրընթաց շարժումներով և այլն: Չեն կարողանում խոսել, սակայն զվարճալի շարժումներ են կատարում, պարում են յուրահատուկ շարժումներով: Կյանքի տևողությունը մոտ 40 տարի է:
Տնային պայմաններում նրանց պահում ոչ պակաս քան 1 մետրանոց վանդակներում: Նրանք զգայուն են ջերմաստիճանի տատանումներին, այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում նրանց պահել դուրսը: Հաճախ են բազմանում անազատության մեջ: Որպես արհեստական բույն օգտագործում են հաստաբույն ծառերի տաշվածքներ, որոնց պաշտպանում են երկաթե շերտով, որպեսզի թռչունները չկրծեն այն:
Փոքր դեղնակատար կակադուները բնադրում են ծառերի փչակներում գետնից մետ 10 մետր բարձրության վրա: Ածում են 2-3 ձու, թխսում են երկու ծնողները հաջորդաբար: Ինկուբացիոն ժամանակահատվածը 24 օր է, ձագերը փետրավորվում են 2 ամսական հասակում, սակայն ծնողները նրանց դեռ 2-3 շաբաթ ևս կերակրում են: