Երկգույն ազնվական թութակների հասակը 35-40 սմ է, քաշը կարող է հասնել մինչև 450 գրամ: Սեռական դիմորֆիզմը լավ է արտահայտված: Արուների մոտ հիմնական գույնը կանաչ է, թևերի ծայրերին երկնագույն երանգով, պոչի փետուրները կապույտ-երկնագույն, կողերը և թևերի ներքին հատվածը կարմիր: Կտուցի վերին հատվածը ալ կարմիր է, իսկ ծայրը դեղին, ստորին կտուցը սև: Աչքերի ծիածանաթաղանթը նարնջագույն է, իսկ ոտքերը մոխրագույն: Էգ թռչունների հիմնական գունավորումը կարմիր-բալագույնն է: Թևերի ծայրերը, կրծքի ստորին հատվածը և փորիկը կապույտ-մանուշակագույն: Պոչը, ենթապոչը և թևերի ներքին հատվածըները կարմիր են: Աչքերի շուրջ կա կապույտ օղակ, աչքերի ծիածանաթաղանթը դեղնավուն է, իսկ ոտքերը կապտավուն:
Նրանք բնակվում են Ավստրալիայի հյուսիսում, հարավային Մոլուկսկի և Սողոմոնյան կղզիներում, Նոր Գվինեայում: Զբաղեցնում են հիմնականում արևադարձային անտառները: Նախընտրում են կոկոսային արմավենիների այգիները, որտեղ առատ կեր կա:
Էկլեկտուսները սնվում են մրգերով, ընկույզով, հատապտուղներով, տարբեր սերմերով, բողբոջներով, ծաղիկներով, նեկտարով: Տեղ-տեղ հասցնում են վնասեր եգիպտացորենի և արմավենու գյուղատնտեսական ցանքատարածություններին:
Բնադրում են բարձր ծառերի փչակներում, որոնք գտնվում են 20-30 մետր բարձրության վրա: Էգերը երբեք չեն թողնում իրենց բույնը: Ձվադրումից դեռ մեկ ամիս առաջ նրանք տեղավորովում են բնում և ժամանակի մեծ մասը անցկացնում այնտեղ, գնից դուրս հանելով գլուխը կամ մարմնի վերին հատվածը: Էգը ածում է 2 ձու և 26 օր թխսում: Արուները ժամանակի մեծ մասը օգտագործում են էգի, այնուհետև նաև ձագերի համար կեր հայթհայթելու համար: Արուին էգը բույն չի թողնում, այլ վերցնում է այն և բաշխում ձագերի միջև: Ինկուբացիոն ժամանակահատվածը 26-28 օր է, ձագերը դուրս են գալիս առանց փետուրների, կարմիր-վարդագույն գույնի և կույր: 17-18 օրականում ձագերի մոտ բացվում են աչքերը, ամբողջ մարմինը պատվում մուգ աղվամազերով, իսկ գլուխը դառնում է ալ կարմիր գույնի: 60-րդ օրում նրանք արդեն դուրս են գալիս բնից և կեր ուզում ծնողներից, 70-80-րդ օրում սովորոբար լքում են բույնը, սակայն դեռ 5-7 օր վերադառնում են այտեղ գիշերելու:
Լուռ և հանգիստ բնավորության շնորհիվ նրանց հաճախ են պահում տնային պահմաններում: Դրսի պայմաններում պահելու համար նրանց համար պետք է ապահովել տաք և չոր բույն, քանի որ նրանք վատ են տանում ցածր ջերմաստիճանները: Տնային պայմաններում հեշտությամբ վարժվում են, որոշները կարողանում են խոսել, բայց նրանց հիմնականում պահում են գեղեցիկ գունավորման համար: Ապրում են 40-50 տարի: Անազատության մեջ ոչ հաճախ են զույգավորվում: