Անբաժանները շատ վառ և գեղեցիկ թութակներ են: Ապրում են Աֆրիկայում՝ Մադագասկարի արևադարձային և մերձարևադարձային անտառներում: Անազատության մեջ սնվում են տարբեր կերերի խառնուրդներով: Սնունդին կարելի է ավելացնել կանաչի, տերևներ, ծաղիկներ, երեքնուկ, մրգեր, գազար և այլն:
Չափսերով փոքր են, մարմնի երկարությունը մինչև 17 սմ, քաշը 60 գրամ: Արուն և էգը միանման են, և նրանց դժվար է տարբերել: Տարբերում են հիմնականում չափերով, սովորաբար էգն ավելի խոշոր է արուից: Հիմնական գունավորումը է կանաչ է, սակայն մարմնի տարբեր մասեր այլ գույների են՝ վարդագույն, կարմիր, կապույտ, դեղին և այլն: Չնայած իրենց փոքր չափերի, կտուցը կախված տեսակից կարմիր-նարնջագույն է կամ դեղնավուն և շատ հզոր: Պոչը և ոտքերը կարճ են, սակայն այն չի խանգարում նրանց արագ վազել և ճարպկորեն մագլցել ծառերի վրա:
Իրենց անվանումը ստացել են կենսակերպի շնորհիվ: Նրանք ապրում են զույգերով մեծ երամների մեջ: Երբ կազմում են զույգեր, վստահությամբ կարելի է ասել, որ նրանք իրար հետ կլինեն ամբողջ կյանքի ընթացքում: Բնադրում են ծառերի փչակներում օգտագործելով խոտեր, ճյուղեր և կեղևի կտորներ, այդ գործընթացով հիմնականում զբաղվում է էգը: Բույնի կառուցման նյութերը բերում են տարբեր կերպ՝ կտուցի մեջ, հավաքում են փորի, կրծքի թետուրներում: Էգը ածում է 4-ից 6 ձու, 21-25 օրից ձագերը դուրս են գալիս և թողնում բույնը 42-56 օրում:
Անբաժանները ապրում են 15-ից 20 տարի, ազատության մեջ ավելի քիչ: Նրանց դժվար է խոսել սովորեցնել, հատուկ համբերատար մարդիկ կարող են սովորեցնել մինչև 10 բառ: Բացի այդ սովորելու ունակ են միայն վարժեցված թութակները, նրանք սիրում են շփվել, ուրախանում են իրենց տիրոջը տեսնելուցց և կարոտում մենակ ժամանակ: Վարժեցնել պետք է սկսած 1 ամսական հասակից, ավելի ուշ տարիքում գրեթե անհնար: