Menu

Սալորագլուխ թութակ

3v1_cyan

Սալորագլուխ թութակը տարածված է Շրի Լանկայի, Հնդկաստանի, Նեպալի և Բուտանի արևադարձային անտառներում: Հանդիպում են փոքր երամներով կամ ընտանեկան խմբերով: Սնվում են ծառերի վրա տարբեր պտուղներով և սերմերով, բայց երբեմն այցելում են գյուղատնտեսական ցանքատարածություններ և հացահատիկի, բրնձի և եգիպտացորենի դաշտեր: Գետնի վրա հաճախ չեն սնվում:

Թութակի երկարությունը 35 սմ է, պոչինը 20 սմ: Փետրավորումը կանաչ է ձիթապտղագույն երանգով: Գլուխը և վիզը բալագույն են երկնագույն երանգով, վզի վրա կա նեղ սև օղակ, իսկ թևերի վրա կարմիր գիծ: Կտուցը դեղին է: Էգի մոտ գլուխը մուգ մոխրագույն է, ստորին հատվածը դեղնականաչավուն: Երիտասարդ արու թութակների փետրավորումը նման է էգ թութակների գունավորմանը:

Սալորագլուխ թութակը դառնում է սեռահասուն 3 տարեկան հասակում: Էգը ածում է 2-ից 6 ձու, որոնցից 21-23 օրից դուրս են գալիս ձագերը: Բույնը լքում են 40-45 օրական հասակում, բայց ծնողները հոգ են տանում, կերակրում են նրանց մինչև ինքնուրույն դառնալը: Բնադրում են տարին երկու անգամ:

Այժմ թռչնաբույծները կարողացել են ստանալ սալորագլուխ թութակի դեղին և կապույտ տեսակներ:

Վանդակի մեջ սրանք ամենահաճելի օղակավոր թութակներն են, չնայած սկզբնական շրջանում պահանջում են հատուկ խնամք, փափուկ կեր (հյութալի մրգեր, մեղր, քաղցր շիլա, թեյի կամ կաթի մեջ թաթախած սպիտակ հաց) և ջերմաստիճանային հստակ ռեժիմ: Ակլիմատիզացիայից հետո դառնում են ամրակազմ, տոկուն և չպահանջկոտ թռչուններ: Այս թութակն ունի ուրախ կայտառ բնավորություն, խաղաղասեր է, նրա ձայնը տհաճ չի, ինչպես մյուս օղակավոր թութակներինը, հաճելի ձայնով երգում է և կարող է լինել ձեռքի սենյակային հիանալի թռչուն:

Կյանքի միջին տևողությունը 15-20 տարի է, սակայն լավ խնամելով և պատշաճ պայմաններ ապահովելով կյանքի տևողությունը կարելի է հասցնել մինչև 30 տարի:

mybirds.ru - Энциклопедия владельца птицы iloft.am - Օնլայն սուպերմարկետ icar.am - Բարձր ճնշման հիդրավլիկ խողովակներ Ajax Systems - Նոր սերնդի անլար անվտանգության համակարգ