Իր անունը ստացել է կենդանաբան Վիլհելմ Կրամերի պատվին: Այս թութակը մեծ չէ, մարմնի ամբողջ երկարությունը 40-42 սմ: Արտաքինից բավականին բարեկազմ է, վառ գունավորմամբ, կլորավուն գլխով, երկար պոչով, որը ամբողջ մարմնի երկարության մոտ կեսն է: Թռչնի քաշը կազմում է 115-140 գրամ: Կտուցը վառ կարմիր է համարյան սև ծայրով: Կրամերի թութակի գունավորումը, որին երբեմն անվանում են օղակավոր թութակ, սովորաբար կանաչ է: Ծոծրակի գունավորումը սահուն փոխվում է կանաչից նուրբ երկնագույն: Կտուցի հիմքից գնում են երկու բարակ գիծ դեպի աչքեր: Արուների մոտ կտուցի տակից սև փետուրները նեղանալով օղակում են ամբողջ վիզը: Այդ օղակը ընդգրկում է նաև նեղ վարդագույն հատված: Էգերի մոտ կտուցի տակ առկա փետուրները սովորաբար մուգ կանաչ են, չնայած արուներին և էգերի գունավորման տարբերությունը թույլ է արտահայտված: Էգերի գունավորումը թույլ գունատ է, իսկ պոչն ավելի կարճ քան արուների մոտ:
Նրանց արեալը բավականին մեծ է: Բացի նրան, որ նրանք զբաղեցնում են 2 աշխարհամաս՝ Ասիա և Աֆրիկա, նրանք ունեն 4 ենթատեսակ: Կրամերի թութակը խմբակային թռչուն է, սակայն երբեմն մնում է միայնակ: Գիշերելու կամ կեր հայթհայթելուց միանում են մեկ երամի մեջ: Բնադրում են քաղաքային այգիներում, պուրակներում, գյուղական համայքներում, անտառներում և պտղատու այգիներում: Զույգը բույնը հյուսում է ծառերի փչակներում կամ երկու ճյուղերի արանքում: Էգը սովորաբար տարին մեկ ածում է 3-4 ձու, թխսում 22-24 օր: Ձագերը թողնում են բույնը 6-7 շաբաթական ժամանակ:
Սնվում են բազմազան պտուղներով, ընկույզով, ցորենով, հատապտուղներով, ծաղիկներով, բողբոջներով, բույսերի կանաչ հատվածներով, ինչպես նաև խմում է ծաղկի նեկտար: Սնվում են առավելապես ծառերի վրա, սակայն կարող է իջնել նաև գետնին:
Ձայնը բարձր է, ուժեղ և սուր: Շատ աղմկոտ են, որը և հանդիսանում է նրանց վանդակում պահելու թերությունը: Անազատության մեջ պահվող թութակների մեջ սրացից տասնամյակների ընթացքում հնարավոր է եղել ստանալ գունային տարբեր երանգներով և գուներով թութակներ:
Կրամերի թութակը, որպես տնային թռչուն, ունի կայտառ և ուրախ բնավորություն, հիանալի վարժեցվում է և սովորում մարդուն: Նրանք հեշտ սովորում և արտաբերում են բառեր և ձայներ: Կա տեղեկատվություն, որ նրանք կարող են հաշել մինչև 250 բառ, ընդ որում արուները կարող են ավելի շատ բառ հիշել, քան էգերը: Տնային պայմաններում ապրում են մոտ 25 տարի: