Սենեգալյան թութակները բնակվում են հարավարևմտյան և արևմտյան Աֆրիկայում՝ Սենեգալից Կամերուն, որտեղ հաշվում են երկու ենթատեսակ, որոնց տարբերում են փորիկի գունավորմամբ (դեղին և նարնջագույն): Ապրում են սավաննաներում և անտառապատ տարածքներում:
Սենեգալյան թութակները համեմատաբար փոքր թութակներ են՝ մարմնի երկարությունը 22-25 սմ: Ունեն գեղեցիկ գունավորում, գլուպը մուգ մոխրագույն է, մարմնի վերին հատվածը, թևերը և պոչը մուգ կանաչ: Կանաչ է նաև կուրծքը և ազդրերը: Փորիկը դեղին է կամ նարնջագույն, կտուցը սև, ոտքերը վարդագույն: Մոխրագույն գլխի վրա ունեն արջահայտիչ աչքեր, որի ծիածանաթաղանթը բաց դեղին է:
Բույնը հյուսում են ծառերի փչակներում: Զույգավորման ժամանակ արուն կատարում է զույգավորման պար և հոգ տանում էգի մասին կերակրելով: Էգը ածում է 3-5 ձու և թխսում, այդ ժամանակ արուն կերակրում է նրան և պաշտպանում բույնը: Ինկուբացիան 27-28 օր է, ձագերը թռչում են բնից 9 շաբաթական ժամանակ: Նրանք այդ ժամանակ ունեն մուգ մոխրագույն գլուխ և մոխրագույն այտեր: Աչքերի ծիածանաթաղանթը մուգ է, որը 12-14 ամսական հասակում դառնում է բաց դեղին:
Գեղեցիկ գունավորման, խելացիության և կրկնելու ունակության շնորհիվ նրանց հաճախ են պահում վանդակներում կամ տնային պայմաններում: Երիտասարդ տարիքից պահելով նրանք կապվում են տիրոջ հետ, կարող են կատարել տարբեր հնարքներ և արտաբերել բառեր: Բնության մեջ ապրում են 25-30 տարի, անազատության պայմաններում արձանագրվել են մինչև 50 տարեկան սենեգալներ: